Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պարային զույգը մեկ րոպեում ցույց է տալիս մի ամբողջ կյանք»

«Պարային զույգը մեկ րոպեում ցույց է տալիս մի ամբողջ կյանք»
13.01.2017 | 11:51

«Իրատեսի» համարներից մեկում ներկայացրել էինք զրույց «Գլորիա» սպորտային պարահանդեսային պարերի մասնագիտացված դպրոցի հիմնադիր-պարուսույց Զառա Անդրեասյանի հետ: Խոսելով իր լավագույն սաների մասին, պարուսույցն առանձնացրեց Հայկ Բալասանյանին, որը մեծ նվաճումներ ունի միջազգային հարթակում, Ամերիկայի տասը լավագույն պարողներից մեկն է:


ՀԱՅԿ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ «Իրատեսի» հյուրն է: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դասավանդում է ԱՄՆ-ում գործող «Fred Astaire» պարային դպրոցի ստուդիաներից մեկում: Նպատակ ունի բացելու իր դպրոցը:
Սպորտային պարերի (եվրոպական և լատինաամերիկյան) նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է Հայաստանում: Սակայն դրսում, տվյալ դեպքում` Ամերիկայում, հաջողության հասնելու ճանապարհներն ավելի շատ են, մեր հյուրը հավելում է նաև` հնարավորությունները լայն են, ֆինանսավորումը` բարձր: Հաջողության հասնելու առաջնային պայմանը, ըստ նրա, աշխատասիրությունն է: Պետք է քրտնաջան, օրական 5-10 ժամ պարապել, սակայն միայն լավ տեխնիկան, բարդ շարժումները բավական չեն հանդիսատեսի համակրանքը շահելու համար: «Հանդիսատեսը գնահատում է ոչ միայն տեխնիկան, այլև մարդուն` խառնվածքը, էությունը, հումորը, ներքին էներգիան. պարի ընթացքում այդ ամենը երևում է: Պարը նաև երկխոսություն է, պարային զույգը մեկ րոպեում ցուցադրում է մի ամբողջ կյանք, որը հանդիսատեսը պետք է զգա, ապրի»:
«Ինչպիսի՞ն է հանդիսատեսը դրսում և Հայաստանում» հարցին անդրադառնալով՝ ասաց, որ հանդիսատեսը ամենուր նույնն է, պարող մարզիկից է ամեն ինչ կախված. «Բայց ինձ համար հայ հանդիսատեսից լավ հանդիսատես չկա: Մենք դժվար կյանք ենք տեսել, ավելի զգացմունքային ենք: Մեր հանդիսատեսն ավելի խորությամբ է զգում ու գնահատում պարային բեմադրությունը: Կարող են նաև վատ արձագանքել, բայց հաստատ ճիշտ են արձագանքում, որովհետև հասկանում են ու զգում պարի լեզուն: Դրսում ավելի թեթև են նայում այդ ամենին»:

«ԵՐԲ ԶՈՒՅԳԻ` ՏՂԱՅԻ ՁԵՌՔԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՄ ԵՆ, ԱՐԴԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՏՔԵՐՆ ԵՆ ՊԱՐՈՒՄ, ԱՅԼԵՎ ՄԱՐՄԻՆԸ»
Մեզ մոտ տղաները քիչ են հաճախում պարային ստուդիաներ, արդյունքում աղջիկները զույգի խնդիր ունեն: Հաճախ ստիպված են լինում միայնակ պարել: Հայկ Բալասանյանը մեր դիտարկմանն ի պատասխան ասաց, որ այդ խնդիրը ամբողջ աշխարհում կա: Տղաները նախընտրում են լողը, ֆուտբոլը, կարատեն և այլ սպորտաձևեր: Պարել ամաչում են: «Ոչ մի ամոթալի բան չկա: Գրկում ես աղջկան ու պարում: Ընդհակառակը, ավելի տղամարդկային է: Այս տարի առաջին անգամ Հայաստանում մրցումների ժամանակ փորձ արվեց pro-am ձևաչափը կիրառել, երբ զույգ չունեցող աղջիկները բեմում պարում են իրենց ուսուցիչների հետ: Երբ մենակ են պարում, կարելի է ասել, ընդամենը քայլում են բեմում, երբ զույգի` տղայի ձեռքի ծանրությունը զգում են, արդեն ոչ միայն ոտքերն են պարում, այլև մարմինը»: Հայկը մասնակցել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երբ պարում են աստղերը» նախագծին: Ամերիկայի օրինակով, ասաց, որ նման նախագծերը, նաև pro-am ձևաչափով պարը, նպաստում են, որ տղաները, բացի գոլֆ ու թենիս խաղալուց, հետաքրքրվեն նաև պարով, հասկանան, որ սա էլ կարող են անել:
Հետաքրքրվեցի՝ ի՞նչ է մտածում «Գլորիա» պարային ստուդիայի մասին, որտեղ իր առաջին քայլերն է արել: Ասաց, որ «Գլորիան» երկրորդ տունն է. «Մեզ ոչ միայն պարել են սովորեցրել, այլև դաստիարակել են, կրթել: Սովորեցրել են նաև տքնաջան պարապել սաների հետ: «Գլորիան» մեծ ընտանիք է, մինչ օրս հավաքվում ենք, շփվում: Զառա Անդրեասյանը Հայաստանի լավագույն պարուսույցներից մեկն է, ուրախ եմ և հպարտ, որ նման ուսուցիչ եմ ունեցել: Մինչև հիմա էլ իմ ուսուցիչն է: Հարգանքը միշտ կա, միշտ պատրաստ է օգնելու ինձ, ես՝ իրեն»:


Հայկը «Գլորիայում» ուսանելու տարիներին ծանր երկընտրանքի առաջ է կանգնել: Բժիշկները ողնաշարային խնդիրներ են հայտնաբերել ու զգուշացրել, որ եթե շարունակի պարել, կհայտնվի անդամալույծի սայլակում, քանի որ ակտիվ շարժումները հակացուցված են: Հայկը ծնողներից գաղտնի շարունակում է պարել ավելի շատ, քան նախկինում. «4-5 ամիս անց ոչ մի խնդիր էլ չունեի: Նույնիսկ բժիշկներն էին զարմանում` թե ոնց կարող է այդպես լինել: Ես ասացի, թե ոնց կարող է լինել»:
Սակայն մեր զրուցակիցը նշում է, որ մարզվելիս կա որոշակի սահման, և պարզաբանում, թե երբ է ծանրաբեռնվածությունը դառնում վտանգավոր. «Երբ երեխան սկսում է ավելի վատ պարել, ոտքերը դանդաղ են շարժվում, սա խոսում է մկանային ծանրաբեռնվածության, գերհոգնածության մասին: Երեխան ինքը պետք է զգա: Կան երեխաներ, որ շատ ակտիվ են, չի երևում հոգնածությունը, բայց չափից շատ մարզումը կարող է ծնկների, ողնաշարի խնդիրների պատճառ դառնալ: Կարևոր են նաև ստուդիայում տիրող պայմանները: Հատակը պետք է գետնից մի քանի սանտիմետր բարձր լինի, առաձգականություն և շարժունակություն ունենա»:


Հայկ Բալասանյանը ներկայումս բնակվում է Նյու Յորքում: Հայաստանի հետ կապը մշտակա է: Ծրագրեր ունի, բայց կասի, երբ պատրաստ կլինեն:
Հայկի պարային զուգընկերը Էմիլյա Պողոսյանն է: Հայկն ու Էմման ամուսիններ են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ